Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի մարզից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի 12 սահմանին հարող բնակավայրերի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված։ Այն քարտեզները, որոնցով որ լինելու է սահմանազատումը, տալիս է ինձ այդ վստահությունը»,- նշեց նա։ Հարցին՝ ինչի՞ հիման վրա է ինքը վստահ, որ ադբեջանական զինված ուժերը հետ կգնան իրենց ելման դիրքեր, Սարգսյանն ասաց․
«Դուք տեսաք, որ Տավուշում սահմանազատման արդյունքում որոշ հատվածներ հետ վերադարձվեցին Հայաստանին»,- հայտարարեց նա։
Հարցին, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, մարզպետն ասաց․ «Որոնց մասին որ դուք խոսում եք, որտեղ որ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներում կա տարածք, որը նախկինում, նաև բնակիչներն ասացին՝ մտածել են, որ դա հարևան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, և կանգնեցվել են հենասյուներ և ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք»։
Հարցին՝ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ է անելու հայկական կողմը, Սարգսյանն ասաց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով կստիպենք իրենց հետ գնալ»։ Հարցին՝ ուժի՞ գործոնը կօգտագործվի, մարզպետն ասաց՝ ոչ․ «Ոչ, ինչու միայն ուժի գործոնը, տարբեր գործոններ կան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը